Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը 20 տարեկան է

ՀՀ ԱՆ.  «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը 20 տարեկան է

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում հանդիսավորությամբ նշվեց «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի հիմնադրման 20-ամյակը: Հոբելյանական միջոցառմանը ներկա էին  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, այլ պաշտոնյաներ, առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ:

 

«Նորք-Մարաշի» 20-ամյա գործունեության մասին պատմող տեսաֆիլմում կենտրոնի հիմնադիրները` սրտաբան Հրայր Հովակիմյանը և կենտրոնի տնօրեն  Լիդա  Մուրադյանը, ներկայացրեցին  հիվանդանոցի  անցած դժվարին, բայց հաջողություններով լեցուն ուղին:  Հետադարձ հայացք նետելով` ականատեսները միակարծիք  փաստեցին, թե  անհավատալի է, որ ժամանակակից այս կլինիկան  սկիզբ է դրվել մեր երկրի համար դժվարին տարիներին, մանկական փոքրիկ  մի բաժանմունքում՝ ընդամենը 10 մահճակալով: Կարելի է բազմաթիվ նախադրյալներ թվարկել, որոնք սրտաբանական հզոր կենտրոնի կայացման հիմքն են հանդիսացել։ Սակայն ամենից գլխավորը երկու մարդու` Հրայր Հովակիմյանի և Լիդա Մուրադյանի նպատակների ու ջանքերի մեկտեղումն էր։  Կենտրոնը կայացավ ու զարգացավ  նրանց և թիմի մեծ կամքի ու անկոտրում համառության շնորհիվ։

 

Կենտրոնի բուժանձնակազմի համար միշտ օրակարգային է եղել զարգացումն ապահովելու, եվրոպական չափանիշներից  հետ չմնալու ձգտումը: Սրտաբանական կենտրոնում առաջին վիրահատությունը կատարվել է 1994թ. հունիսին: Քսանամյա բժշկական  կառույցն այսօր  ամենամեծն է Անդրկովկասում: Այստեղ  տարեկան հետազոտվում և բուժվում է ավելի քան 14 000 հիվանդ: Կատարվում է ավելի քան 800 վիրահատություններ,  իրականցվում  ավելի քան 700 ստենտավորում:

 

Իր ելույթում Լիդա Մուրադյանը շնորհակալություն հայտնեց  երկրի ղեկավարին, առողջապահական ոլորտի պատասխանատուներին,  բարեգործական կառույցներին` կենտրոնին ցուցաբերած շարունակական աջակցության և համագործակցության համար: Նա ընդգծեց, որ «Նորք Մարաշն» առաջին հերթին մեծ ընտանիք է, որի համար առաջնայինը հիվանդի առողջությունն է:  

 

«Շատ եմ զգացված: Պարզապես ուզում եմ ասել, որ 23  տարի առաջ մտածում էի, որ սա իմ վերջին պրոեկտն է  լինելու: Ես մնացել եմ նույնը»,- կարճ նշեց Հրայր Հովակիմյանը, ում դահլիճն ուղղեց բուռն ծափահարություններ:

 

«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի անձնակազմին երախտիքի իր խոսքն ուղղեց նաև երկրի ղեկավարը` շնորհակալություն հայտնելով բոլորին` բժիշկից մինչև պահակ:

 

Առողջապահության բնագավառում մատուցած նշանակալի ծառայությունների, ներդրած անձնական մեծ ավանդի, մասնագիտական բարձր կարողությունների ու հմտությունների, ինչպես նաև բազմամյա վաստակի համար «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մի խումբ աշխատակիցներ Նախագահի հրամանագրերով պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով՝ մեդալներով և կոչումներով. «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի ռեանիմատոլոգ Իրինա Բակունցին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում, սրտաբան Կարինե Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում, սրտային վիրաբույժ Վիլեն Մանուկյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով, սրտային վիրաբույժ Հակոբ (Հրայր) Հովակիմյանը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ գլխավոր բուժքույր Աիդա Երիցյանը՝ Երախտագիտության մեդալով: Սերժ Սարգսյանը հանձնել է պետական պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին և բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցներին կենտրոնի հոբելյանի կապակցությամբ մաղթել հետագա հաջողություններ:

 

Հոբելյանական միջոցառման ընթացքում բժշկական կենտրոնին շնորհավորական խոսքեր հղեցին աշխարհի տարբեր անկյուններից: Ռուբեն Մաթևոսյանը, Զորի Բալայանը, Վիգեն Ստեփանյանը, Արմեն Ամիրյանը անվանի այլ մարդիկ շնորհակալություն հայտնեցին «Նորք Մարաշին» իրենց ցուցաբերած բժշկական օգնության, մասնագետների ջերմ վերաբերմունքի համար:

 

Ելույթներով հանդես եկան Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը, ինչպես նաև կենտրոնում վիրահատված երեխաները` երգչուհի Լեյլա Սարիբեկյանի հետ իրենց շնորհակալությունը հայտնելով «Նորք Մարաշ» կենտրոնի հիմներգի կատարմամբ:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ